Logo

Articles

Կարաջիչը պահանջում է խրախուսել իրեն

Created on Wednesday, 17 October 2012 01:31 Written by AMGA TV

karajich 9Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը հայտարարել է, թե իրեն հարկավոր է խրախուսել պատերազմի կանխմանն ուղղված ջանքերի համար: Այդ մասին նա ասել է նախկին Հարավսլավիայի համար միջազգային դատարանի անդամների առջեւ: Երեկ Կարաջիչը դատարանում ներկայացրել է իր անմեղության ապացույցները: -Ես ոչ թե մեղադրանքի եմ արժանի, այլ խրախուսանքի այն ամեն լավի համար, ինչ արել եմ: Ես հնարավոր ամեն ինչ արել եմ պատերազմից խուսափելու եւ մարդկային տառապանքները նվազեցնելու համար,-ասել է Կարաջիչը դատարանում: Նրա խոսքով՝ ինքը քանիցս կանգնեցրել է բոսնիացի սերբերին, որոնք մոտ էին հաղթանակին, ինչպես նաեւ փորձել է հաշտություն կնքել հակառակորդի հետ եւ պահպանել է միջազգային իրավունքի նորմերը: Կարաջիչը հավաստիացրել է, որ պատերազմի զոհերի իրական թիվը երեք-չորս անգամ պակաս է հայտարարվածից, եւ կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում ճշմարտությունը կհաղթի, իսկ քարոզչությանը չեն հավատա: Կարաջիչը նաեւ հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ որեւէ մեկ ուրիշը չէր կարող կանխագուշակել, որ պատերազմի ժամանակ ցեղասպանություն կիրականացվի: Ռադովան Կարաջիչը մեղադրվում է 1992-1995թթ. բոսնիական պատերազմի ժամանակ հանցագործություններ կատարելու մեջ: Մասնավորապես, նրան համարում են 1995թ. Սրեբրենիցայում իրականացված սպանդի կազմակերպիչը, որի ընթացքում զոհվեց գրեթե 8 հազար մուսուլման: Ընդհանուր առմամբ Կարաջիչին ներկայացվել է 10 կետից բաղկացած մեղադրանք: Ռադովան Կարաջիչը 67 տարեկան է: Նա ձերբակալվել է 2008թ., մինչ այդ մոտ 13 տարի թաքնվում էր արդարադատությունից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.