Logo

Articles

Շերիֆը համոզված է

Created on Thursday, 19 July 2012 02:05 Written by AMGA TV

Arpayo 3Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոն հայտարարել է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականի իսկությունը ստուգած իր օգնականները փաստաթուղթը կեղծ են ճանաչել: Թե ինչպես է հիմնավորվում այդ եզրակացությունը՝ չի նշվում: Հաղորդվում է, որ Արփայոյի գլխավոր օգնական Մայք Զուլոն, վերլուծելով փաստաթղթի թվային ծածկագրերը, հայտնաբերել է, որ Օբամայի ծննդյան վկայականի որոշ կետեր լրացված չեն: Արփայոյի օգնականները, որոնք աշխատում են կամավորական սկզբունքով, ստուգել են Օբամայի ծննդյան վկայականի ամբողջական տարբերակը, որը 2011 թ. ապրիլին էլեկտրոնային տարբերակով հրապարակել էր Սպիտակ տունը: Հետաքննության նախնական տվյալները հրապարակվել էին մարտի 1-ին: Այդ ժամանակ Արփայոն հայտարարեց, որ համոզված չէ Օբամայի ծննդյան վկայականի իսկության մեջ: Զուլոն պնդում էր, որ թղթային տարբերակով այդ վկայականը երբեք գոյություն չի ունեցել: Նրա կարծիքով՝ այն ստեղծվել է համակարգչի միջոցով: Փաստաթղթի ստուգման մեթոդիկան բացատրվում է հատուկ ֆիլմում: Արփայոյի օգնականները փորձել են փաստաթղթում հայտնաբերել առանձին շերտեր եւ ապացուցել, որ դրանք դրվել են համակարգչային վերամշակման արդյունքում: Հավայիի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Օբամայի ծննդյան վկայականն իրական է: Մայիսի 23-ին Արիզոնա նահանգի քարտուղար, հանրապետական Քեն Բենեթն ընդունել էր Հավայիի ղեկավարության փաստարկները՝ հայտարարելով, որ Օբամայի անունը կներառվի 2012 թ. նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում: Արփայոն, որը համարվում է Ամերիկայի ամենազիլ շերիֆը, ճանաչում է ձեռք բերել ապօրինի ներգաղթյալների դեմ դաժան պայքարի պատճառով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.