Created on Monday, 02 July 2012 23:51 Written by AMGA TV
Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող հայաստանցին, ում նկատմամբ, Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում եւ Գերմանիայում 2003թ. հրատարակվել էին Red Notice ծանուցումներ: Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել: Խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր: Երեմյանը Հայաստանում որոնվում էր երեք մարդու սպանության մեղադրանքով: 2003թ. հունիսի 25-ին Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին ԳԱԶ-3129 մակնիշի մեքենայի վրա: Մահացել էին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արկադի Գեւորգյանն ու եւս երկու մարդ: Սպանությունը պատվիրված էր եղել, եւ կապված էր Ռուբեն Գեւորգյանի եւ Լֆիկ Սամո մականունով Սամվել Ալեքսանյանի հակամարտության հետ: