Logo

Articles

Գերագույն դատարանը հաստատեց Արիզոնայի օրենքի մի մասը

Created on Tuesday, 26 June 2012 23:16 Written by AMGA TV

imm 1ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ ընդունել է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրենքը` արգելափակելով, սակայն, դրա որոշ դրույթներ: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, ըստ որի՝ ոստիկանները կասկածելի անձանց փաստաթղթերը ստուգելու իրավունք են ստանում: Դատարանը վճռել է, որ միգրացիոն կարգավիճակի ստուգումը չի հակասում ամերիկյան օրենսդրությանը, թեեւ ապագայում այդ դրույթը կարող է դառնալ իրավական նոր վեճերի առարկա: Ըստ վճռի, ոստիկաններին արգելվում է կալանավորել մարդկանց ներգաղթի օրենսդրության աննշան խախտումների համար: Դատավոր Էնթընի Քենեդիի խոսքով, դատավորները միաձայն հանդես են եկել տվյալ դրույթի օգտին, թեեւ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքները կիսվել են: Դատարանը օրենքից հանել է այն կետերը, ըստ որոնց բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ պետք է գրանցման փաստաթղթեր ունենան, որ ապօրինի ներգաղթյալների աշխատանքը քրեական հանցագործություն է, նաեւ այն, որ ոստիկանությունը կարող է առանց օրդերի ձերբակալել ենթադրյալ ապօրինի ներգաղթյալներին: Ոգեւորված Արիզոնայի օրինակով` նման օրենքներ ընդունեցին նաեւ Ալաբաման, Ջորջիան, Ինդիանան, հարավային Կարոլայնան ու Յուտան: Երկու տարի առաջ, հրապարակվելուն պես Օբամայի վարչակազմը բողոքարկեց այն դատարանում: Արիզոնայի նահանգապետ Ջեյն Բրյուերը դատարանի վճիռը հաղթանակ է որակել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նահանգի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ի դեպ, հինգշաբթի օրը կայանալու է գերագույն դատարանի վերջին նիստը արձակուրդից առաջ, եւ այդ օրն էլ վճիռ է կայացվելու առողջապահության բարեփոխման կապակցությամբ: Եթե օրենքը չընդունվի, դա լուրջ հարված կլինի Օբամայի դիրքերին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.