Լոս Անջելեսի գերագույն դատարանի երդվյալ ատենակալները սկսել են խորհրդակցությունները Գլենդեյլի հայ բնակիչ Ռաֆայել Փարսադանյանի գործի շուրջ։ Ռաֆայել Փարսադանյանն ու Գլենդեյլի երկու այլ հայազգի բնակիչներ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը մեղադրվում են խարդախության մեջ։ Փարսադանյանին մեղադրանք է ներկայացված բանկային խարդախության եւ անձնական տվյալների յուրացման մեջ։ Նրա փաստաբան Էնդրյու Ֆլայերը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալը, ով բջջային հեռախոսների խանութի սեփականատեր է, հանցախմբի հետ որեւէ կապ չունի։ -Դուք գիտեք՝ որքան սարսափելի է անմեղ մարդուն պաշտպանելը,- իր եզրափակիչ խոսքում դիմելով ատենակալներին՝ ասել է Ֆլայերը։ Դատախազների ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Դարբինյանն ու Փարսադանյանը 99 սենթ խանութների ցանցում բանկային տվյալները կրկնօրինակող սարքավորումներ էին տեղադրել եւ ստացված տվյալները փոխանցել հանցախմբի անդամներին։ Վերջիններս դրանք օգտագործելով՝ խանութի հաճախորդներից ավելի քան 2 միլիոն դոլար են հափշտակել։ Ֆլայերի պնդմամբ՝ իր պաշտպանյալին ու մյուս ամբաստանյալներին կապող միակ ապացույցն ընդամենը մի քանի հեռախոսազանգեր են, որոնք, նրա խոսքով, համոզիչ չեն ու անորոշ են։ Ամբաստանյալները Հայկական ուժ հանցավոր խմբավորման գործի շրջանակներում ձերբակալվածներից են: