Հռոմի կաթոլիկ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոսի շահերը ներկայացնող փաստաբանը հաստատել է, որ եկեղեցին գրեթե 10 մլն դոլար փոխհատուցում կվճարի կաթոլիկ եկեղեցու կողմից գործադրված սեռական բռնության հետեւանքով տուժածներին: Մոլագար քահանային իր պաշտպանության տակ էր վերցրել կարդինալ Մըհոնին: Պատմությունը, որի մեջ խառնված էր նախկին հոգեւորական Մայքլ Բեյքըրը, շարունակվում է 1990-ի վերջից, երբ նրա դեմ մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար: Վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Բեյքըրն ինքը խոստովանել էր իր մեղքը Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Մըհոնիին, ով որոշել էր հարցը չբարձրաձայնել եւ նրան տեղափոխել էր այլ եպիսկոպոսարան, ուր նա շարունակել էր իր մեղսագործությունները: Մոտ ժամանակներս դատարանը կքննի Բեյքըրի դեմ ներկայացվող 2 մեղադրանքները անչափահասների բռնաբարության գործով: Դատարանն արդեն հայտարարել է, որ ենթադրվող զոհերը իրավասու են հոգեւորականից ավելի մեծ չափով գումար պահանջել: Դեպքը բացահայտելուց հետո 77-ամյա կարդինալ Ռոջեր Մըհոնին դրել էր թեմի առաջնորդի լիազորությունները, սակայն օրեր առաջ գնացել էր Վատիկան` պապի ընտրությանը: Ամերիկյան կաթոլիկները դիմել էին Վատիկանին` զրկելու Մահոնիին ընտրության իրավունքից, սակայն նրանց խնդրանքը մերժվել էր: