Logo

Articles

Օբաման ծրագրային ելույթ է ունեցել

Created on Thursday, 14 February 2013 00:01 Written by AMGA TV

obamm 5Նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջեւ կանգնած ներպետական բազմաթիվ խնդիրներին, այդ խնդիրների լուծման ճանապարհների մանրամասներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու վտանգներինԵլույթի սկզբին  նախագահ Օբաման ասել է, որ կարող է հայտնել առաջընթացի մասին՝ հիշատակելով ԱՄՆ-ի զինծառայողների վերադարձը գրեթե մեկ տասնամյակ տեւած պատերազմներից, ինչպես նաեւ մի քանի տարի տնտեսական անկումից հետո վեց միլիոնից ավելի աշխատատեղեր ստեղծելու հանգամանքը: Օբաման իր ելույթում շեշտել է, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել տնտեսական աճի շարժիչ իրական ուժին՝ միջին դասին, ինչպես նաեւ վերականգնել այն խոստումը, որի վրա հիմնված է Միացյալ Նահանգները՝ այն գաղափարը, որ քրտնաջան աշխատանքն ու պարտականությունների պատշաճ կատարումը կարող է լինել առաջընթացի գրավականը: Ըստ նախագահի, ամերիկացիները չեն ակնկալում, որ կառավարությունը կլուծի բոլոր խնդիրները, կամ օրենսդիրները համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ, սակայն ակնկալում են, որ հնարավորության դեպքում նրանք կգան խելամիտ համաձայնության՝ քանի որ նրանք գիտեն, որ Ամերիկան առաջ է շարժվում միայն այն դեպքում, երբ միահամուռ ուժ ենք գործադրում: Ըստ նախագահ Օբամայի, միությունը բարելավելու աշխատանքը պետք է սկսվի բյուջեի վերաբերյալ հիմնարար որոշումներ կայացնելուց, մասնավորապես՝ բյուջեի պակասորդի դեմն առնելու մասին որոշումներից: Այդ նպատակով նախագահ Օբաման առաջարկել է նվազեցնել Միացյալ Նահանգներում առողջապահության ոլորտում կատարվող ծախսերը՝ բարեփոխումների միջոցով, առաջարկել է նաեւ նվազեցնել բյուջեի պակասորդը՝ հարկային դաշտում բարեփոխումներ իրականացնելու, երկրի հարկային օրենսդրությունը բարելավելու եւ դրա մեջ առկա թերությունները վերացնելու միջոցով: Բարաք Օբաման հիշեցրել է նաեւ աշխատատեղերն Ամերիկա վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ելույթում հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ Միացյալ Նահանգներում կրթության ոլորտի որակի բարձրացման անհրաժեշտությանը: Իր ելույթի ընթացքում Բարաք Օբաման հիշեցրել է նաեւ հրազենի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.