Վիթխարի կաղամարին առաջին անգամ նկարահանել են նրա բնական միջավայրում` օվկիանոսի խորքում: Սենսացիոն նկարահանումները կատարել են ճապոնական NHK եւ ամերիկյան Discovery Channel հեռուստաալիքների նկարահանող խմբերը` 630 մետր խորության վրա: Նկարահանվել է ծովային հրեշների մասին լեգենդների վերակենդանացած կենդանին: Խորության մեջ տեսախցիկը նկարել է արխիտեուտիսի հսկա աչքը, որով նա` չնայած խորության մթությանը, կարող է տեսնել շրջակա ողջ տարածքը, ինչպես նաեւ հինգ սանտիմետր տրամագծով ծծակները: Նկարահանումներն արվել են Տոկիոյից մոտ հազար կմ հարավ գտնվող Տիտիձիմա կղզիներում:
Հայտնաբերված հսկան ուներ մոտ 3 մետր երկարություն , նրա մոտ բացակայել են երկու ամենաերկար շոշափուկները: Մնացած շոշափուկներով կաղամարը բռնել էր իր զոհին`խմբի կոմից որպես խայծ օգտագործված մյուս կաղամարին:
Ենթադրվում է, որ վիթխարի կաղամարները կարող են ունենալ մինչեւ 18 մետր երկարություն: Կենդանու քաշն, ըստ գիտնականների, կարող է հասնել տոննաների: Բացի այդ, կարծիք կա, որ հենց արխիտեուտիսն է դարձել շատ առեղծվածային հրեշների նախնին: