Logo

Articles

Բարաք Օբաման վերընտրվեց

Created on Thursday, 08 November 2012 01:48 Written by AMGA TV

obbb 5Միացյալ Նահանգները ընտրեց իր նախագահին: Ավելի ճիշտ վերընտրեց: Բարաք Հուսեյն Օբաման եւս չորս տարով կշարունակի պաշտոնավարել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս պահի դրությամբ, հայտնի են 48 նահանգների եւ Կոլումբիա շրջանի արդյունքները: Դեռ չեն ստացվել միայն Ֆլորիդայի արդյունքները, սակայն արդեն իսկ պարզ է, որ Օբաման հաղթել է: 538 ընտրողներից առնվազն 303-ը իրենց քվեն տվել են Օբամային: Վերջինիս մրցակիցը` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, հանրապետական թեկնածու Միթ Ռամնին ունի 206 քվե: Ընդ որում, Ռամնին հաղթանակ է տարել 24 նահանգներում, Օբաման` 25, սակայն վերջինիս ձայն են տվել առավել շատ ընտրողներ ունեցող նահանգները, մասնավորապես` Կալիֆոռնիայի 55 ընտրողները: Միթ Ռամնիի շտաբը Բասթընում արցունքներով է ընդունել իրենց թեկնածուի պարտության լուրը, Ռամնին ընդունել է իր պարտությունը: Նա զանգահարել է նախագահ Օբամային եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Ռամնին նաեւ հույս է հայտնել, որ Օբաման կարող է լուծել ԱՄՆ-ի առջեւ ծառացած բարդ խնդիրները: Բասթընի իր շտաբի հարթակից ելույթ ունենալով՝ Ռամնին հայտնել է, որ հատուկ շնորհավորանքի են արժանի Օբամային սատարողները, այդ թվում՝ նրա կին Միշելը եւ դուստրերը: -Սա մեծ մարտահրավեր է: Աղոթում եմ, որ նախագահն ազգի ղեկավարման գործում հաջողությունների հասնի,- ասել է հանրապետական թեկնածուն: Բարաք Օբաման նախքան արդյունքները հայտնելը ելույթի երկու տեքստ էր գրել, բայց բարեբախտաբար կարդացել է հաղթանակի համար գրած տեքստը` Չիկագոյի շտաբից: -Եւս չորս տարի,- վանկարկել է բազմությունը, իսկ Օբաման ասել է. -Դուք եք ձեւավորում այս երկրի ոգին, ոգին, որը երկիրը բարձրացրեց խորքերից: Երկիր, որը մարմնավորում է յուրաքանչյուրի երազանքները: Մենք միասնական երկիր ենք: Սրտի խորքում մենք գիտենք, որ լավագույնն առջեւում է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քվեարկողին: Հատկապես նրանց, ով դա արել է առաջին անգամ: Օբաման պատմել է նաեւ, որ Միթ Ռամնիին եւ Փոլ Ռայանին շնորհավորել է կատարած աշխատանքի համար: Օբաման ելույթում առանձին հիշատակել է իր ընտանիքի անդամներին.  -Միշել, ես երբեք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես հիմա: Հպարտանում եմ քեզնով, ամբողջ երկիրն է հպարտանում: Դուստրերս, դուք մեծացաք, մինչ ես նախագահ էի, դուք ձեր մոր նման ուժեղ եւ գեղեցիկ եք, – նշել է Օբաման եւ ամփոփել- ԱՄՆ-ի համար լավագույնն առջեւում է: Շնորհակալություն, Ամերիկա, Աստված օրհնի քեզ: Նախագահի կողմնակիցները ԱՄՆ տարբեր քաղաքներում մեծ տոնակատարություններով են ընդունել նրա հաղթանակը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.