Logo

Articles

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է

Created on Saturday, 28 January 2017 19:45 Written by AMGA TV

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է: Դեղին տենդի բռնկում է գրանցվել Մինաս Ժերայս նահանգում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է վարակման 70 դեպք, որից 40-ը մահվան ելք է ունեցել: Գրանցվել է նաեւ դեղին տենդի կասկածանքով հիվանդության ավելի քան 360 դեպք, որից 47-ը մահվամբ է ավարտվել: Մեկ մարդ մահացել է երկրի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ նա Մինաս Ժերայս է մեկնել եւ այնտեղ է վիրուսով վարակվել: Բրազիլիայի քաղաքային շրջաններում դեղին տենդ չէր գրանցվել 1942 թվականից ի վեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա բռնկումը վերջին 14 տարում ամենամասշտաբայինն է: Բժիշկները Բրազիլիայի 9 նահանգների բնակիչներին, որտեղ համաճարակի հավանականություն կա, կոչ են անում պատվաստվել: Դեղին տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, նաեւ սրտխառնոցով եւ փսխումով: Մահվան ելքը սպառնում է հիվանդների 5-ից մինչեւ 20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-ից մինչեւ 60 տոկոսը: Դեղին տենդի դեմ դեղամիջոցներ չկան, կիրառվում է ախտանշային բուժումը: Այս հիվանդության դեմ պատվաստանյութը ստեղծվել է 80 տարի առաջ: Վիրուսը փոխանցվում է դեղին տենդի մոծակի միջոցով: Միջատի այս նույն տեսակն է փոխանցում Զիկա եւ դենգե վիրուսները: Դեղին տենդով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ցմահ իմունիտետ է մշակվում: y 9

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.