Logo

Articles

Apple-ի նորույթները

Created on Wednesday, 12 June 2013 02:52 Written by AMGA TV

ios 7Երեկ երեկոյան բոլոր այֆոնամոլների ու մաքբուքասերների ուշադրությունը գամված էր Սան Ֆրանցիսկոյում կայացած Apple-ի ամենամյա համաժողովին, որի շրջանակներում հանրահայտ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։ Apple-ը, մասնավորապես, ներկայացրել է OS X Mavericks նոր ծրագրային ապահովումը, որի գլխավոր առավելությունն այն է, որ իջեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը 72 տոկոսով։ Շնորհիվ App Nap տեխնոլոգիայի սարքի էներգիան բաշխվում է միայն ակտիվ պատուհանների վրա, ինչն էլ հանգեցնում է մարտկոցի ավելի քիչ օգտագործմանը։ Բացի այդ, նոր ծրագրային ապահովումը կարողանում է պատասխանել փոստին՝ անմիջապես երեւացող ծանուցումների մեջ։ OS X Mavericks-ից զատ, ներկայացվել է նաեւ նոր Mac Book Air-ն ու Mac Book Pro-ն, որոնց դեպքում մասնագետները շեշտը դրել են արագության վրա։ Mac Pro-ն համալրված է 12 միջուկանի Xeon E5 պրոցեսորով, որը 2.5 անգամ ավելի կարագացնի սարքի աշխատանքը։ Այժմ Apple-ի նոր համակարգիչը տվյալները կպահի PCIe ֆլեշ հիշողության մեջ։ Սակայն երեկոյի ամենահետաքրքիր մասը երկար սպասված iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսն էր։ 7-րդ սերնդի արհեստական ինտելեկտում այս անգամ ինտեգրվել են Twitter-ը, Wikipedia-ն եւ Bing-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, անդրադառնալով նոր օպերացիոն համակարգին, ասել է, որ առաջին iOS-ի ներկայացումից ի վեր iOS 7-ն ամենանշանակալից թարմացումն է։ Նորույթների շարքում է նաեւ iTunes Radio-ն, որը ներկառուցված է անմիջապես երաժշտական նվագարկչի մեջ։ Այն կլինի անվճար ու առանց գովազդի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.