amga.tv

Switch to desktop Register Login

Թայֆունը մարդկային կյանքեր է խլել

philipp 4Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան Սաոլա թայֆունի հետեւանքով 7 մարդ է զոհվել: Երկրի խոշորագույն Լուսոն կղզում եւ արշիպելագի կենտրոնական հատվածում թայֆունը ջրհեղեղի պատճառ է դարձել: Մանիլայից ստացված տեղեկություններով` տարերային աղետից ավելի քան 40 հազար մարդ է տուժել, 11 հազարը տարհանվել են: 150 կմ/ժամ արագությամբ քամին վնասել է հարյուրավոր տներ ու շինություններ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Օդերեւութաբանների կանխատեսումներով` արեւադարձային օդային հոսանքը տեղաշարժվում է Թայվանի ուղղությամբ, որտեղ նախազգուշացվել է փոթորկի մասին: Ուրբաթ ցիկլոնը կարող է հասնել Շանհայի շրջան: Խաղաղ օվկիանոսում թայֆունների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ հոկտեմբեր: Այդ մթնոլորտային հոսանքները ձեւավորվում են հասարակածի ցածր ճնշման գոտիներում եւ տարածվում դեպի հյուսիսային լայնություններ` վիթխարի վնաս պատճառելով Արեւելյան Ասիայի երկրներին: Սաոլա -ն արդեն այս տարվա 9-րդ թայֆունն է: Այն իր անվանումը ստացել է այծքաղի հազվագյուտ տեսակից, որի գոյությունը բացահայտվել էր 20 տարի առաջ` Վիետնամի եւ Լաոսի հետ սահմանային լեռներում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version