amga.tv

Switch to desktop Register Login

Օհայոյում գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հրդեհվել

oha 3Այսօր` հուլիսի 11-ին, գիշերը ժամը 2:05-ի սահմաններում Օհայո նահանգի Կոլոմբըս քաղաքի մերձակայքում ռելսերից դուրս է եկել եւ հրդեհվել բեռնատար գնացքը: Դեպքի վայր ժամանած փրկարարները ստիպված են եղել տարհանել հարակից մոտ երեք տասնյակ տների բնակիչներին: 2 լոկոմոտիվներից եւ 98 վագոններից բաղկացած շարժակազմը տեղափոխում էր էթանոլ տեսակի քիմիական նյութ: Վթարը տեղի է ունեցել քաղաքի արդյունաբերական հատվածում, որտեղ բնակելի տներ քիչ են եղել: Նախնական տվյալներով, ռելսերից դուրս է եկել երեք վագոն` 11-ից 13-րդը, սակայն չի բացառվում, որ այլ վագոններ եւս վնասվեն հրդեհի արդյունքում: Հրդեհն այնքան ուժգին եւ վտանգավոր է եղել, որ հրշեջները ստիպված են եղել սպասել, մինչեւ բիովառելիքն ամբողջությամբ այրվի: Կոլոմբըսի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, բարեբախտաբար հրդեհը չի տարածվել: Իրենց տները լքել են մոտ հարյուր մարդ: Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Գնացքի անձնակազմից եւ հրշեջներից ոչ ոք չի տուժել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, սակայն երկու պատահական անձինք նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Նրանք իրենց ոտքով են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով` դուրս են գրվել: Երբ էթանոլն ամբողջությամբ այրվի, տարհանված մոտ հարյուր բնակիչներին թույլ կտան վերադառնալ իրենց տները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version