amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ աշխատաշուկան համեստ աճ է արձանագրել


job 5Միացյալ Նահանգներում աշխատաշուկան սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցել է համեստ աճ՝ ավելացնելով ընդամենը 148 հազար աշխատատեղ: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Վերլուծաբանները կանխատեսել էին գոնե 183 հազար աշխատատեղի ստեղծում: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն այնուամենայնիվ հասել է 2008 թվականի վերջից գրանցված ամենացածր մակարդակի եւ այժմ կազմում է 7,2 տոկոս, ինչը մեկ տասնորդական տոկոսով բարելավել է օգոստոս ամսին գրանցված ցուցանիշը: Վերլուծաբանների կանխատեսումներն ավելի հոռետեսական էին, նրանք կանխատեսում էին, որ ցուցանիշն առնվազն նույնն է մնալու: Աշխատանքի շուկայի համեստ աճի մասին տվյալները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգներում պետական որոշ ձեռնարկությունների գործունեության 16 օր տեւած դադարից առաջ տնտեսական աճը սկսել էր դանդաղել: Ըստ փորձագետների, պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցումը դարձել էր երկրի տնտեսության կողմից կրած մոտ 24 միլիարդ դոլարի վնասների պատճառը: Միացյալ Նահանգներում 7,2 տոկոսի հասնող գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ բավականին բարձր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով պատմական տվյալները, որոնց համաձայն ԱՄՆ-ում նորմալ է համարվում գործազրկության 5-ից 6 տոկոսի հասնող մակարդակը: Աշխատանքի նախարարության տվյալները հիմք են տալիս կարծելու, որ Դաշնային պահուստային համակարգը դեռ տեւական ժամանակ չի փոխի զրոյական տոկոսադրույքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version