ԱՄՆ կոնգրեսականներ Ադըմ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փըլոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Բանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
-ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, եւ մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ Գրիմը:
Հավելենք, որ բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին: