amga.tv

Switch to desktop Register Login

Սպանվել է Բենազիր Բհուտոյի գործը քննող դատախազը

BHUTOC 4Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մայիսի 3-ին սպանվել է դատախազ Չոուդրի Զուլֆիկարը: Հենց նա էր վարում 2007թ. Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության գործը: Այդ աղմկահարույց գործով գլխավոր մեղադրյալը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆն է: Այս տարվա մարտին հնգամյա վտարանդիությունից Պակիստան վերադառնալուց հետո նա, դատարանի վճռի համաձայն, տնային կալանքի է ենթարկվել իր դեմ գործող բազմաթիվ մեղադրանքների հիման վրա: Չոուդրի Զուլֆիկարը սպանվել է այն մեքենայում, որով գնում էր մասնակցելու Բհուտոյի սպանության գործով դատական նիստին: Իսլամաբադի կենտրոնից ոչ հեռու մոտոցիկլետով ավտոմեքենային հասել են զինված երկու ծայրահեղականներ եւ գրեթե դիմահար կրակ բացել դատախազի վրա: Ստացած վերքերից Զուլֆիկարը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով մահացու վրաերթի է ենթարկվել պատահարի վայրով անցնող մի կնոջ: Այս շաբաթ ավելի վաղ Պակիստանի արդարադատությունը նախկին նախագահ Մուշառաֆին պաշտոնապես մեղադրել էր Բհուտոյի սպանողներին օժանդակելու մեջ եւ վճիռ կայացրել՝ ձերբակալել նախկին բռնապետին ու երկարացնել տնային կալանքի տակ նրա գտնվելու ժամկետը: Բհուտոյի դեմ կատարված մահափորձը մինչ այժմ բացահայտված չէ եւ ամենաաղմկալի քաղաքական սպանությունն է մնում Պակիստանի Իսլամական Հանրապետության ողջ պատմության ընթացքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version