Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի անձնակազմը վայրէջքից հետո հարձակման է ենթարկել: Այս մասին հայտնել է Syrian Air ընկերության ներկայացուցիչը։ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հարձակում են գործել անձնակազմի վրա այն բանից հետո, երբ ինքնաթիռին արդեն թույլատրվել էր լքել Անկարայի օդանավակայանը- պաշտոնապես հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ղաիդա Աբդուլտաիֆը: Հարձակման մանրամասները ճշտվում են: Աբդուլտաիֆի խոսքերով՝ թուրքերը հարձակվել են օդաչուների վրա, երբ վերջիններս հրաժարվել են ստորագրել այն հայտարարության տակ, որի համաձայն՝ իրենց ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում եւ թուրքական կործանիչների կողմից պարտադրանք չի եղել: Ընկերության ղեկավարի խոսքերով՝ օդանավում որեւէ արգելված բեռ չի եղել: Երբ ինքնաթիռը ստուգել են, պարզ է դարձել, որ այնտեղ եղել են էլեկտրասարքավորման փաթեթներ, որոնք արգելված չէ տեղափոխել, եւ որոնք պաշտոնապես գրանցված են եղել,- հայտարարել է ավիաընկերության ղեկավարը: Նշենք, որ թուրքական կործանիչները հարկադրաբար իջեցրել էին Մոսկվա-Դամասկոս չվերթ իրականացնող սիրիական Аirbus А-320 ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում: Ստուգման ժամանակ առգրավվել էին, ըստ Թուրքիայի իշխանությունների, ոչ քաղաքացիական նշանակության սարքավորումներ: Read more
Նախօրեին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: Հայկական Ժամանակ թերթի տվյալներով, բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղ բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը` բռնաբարության մեղադրանքով: Ըստ այդմ, նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր եւ այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին` ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու համար: Read more
Միջազգային տիեզերակայանի աստղանավորդներ ամերիկուհի Սանիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոշիդեն բացել են Դրագըն բեռնատար տիեզերանավի ելանցքը, որը մի քանի ժամ առաջ կառանվել էր ուղեծրային համալիրին, հաղորդում է ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը: Այս առաքելությունը SpaceX ընկերության իրականացրած առաջին առաքումն էր տիեզերք: Դրագըն մասնավոր տիեզերանավի կցումը, որն անցած կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի Քանավըրալի հրվանդանից առաջին թռիչքի է ուղարկվել դեպի Միջազգային տիեզերակայան, տեղի է ունեցել արձակման երրորդ օրը: Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին աստղագնացները կսկսեն Դրագըն-ի բեռնաթափումը, որը Միջազգային տիեզերակայան է հասցրել շուրջ 450 կիլոգրամ բեռ՝ հագուստ եւ պարեն, ինչպես նաեւ սարքավորումներ եւ նյութեր 166 գիտափորձերի անցկացման համար, եւ անգամ անձնակազմի համար պաղպաղակ: Dragon-ի փարձնական թռիչքը կայացել էր այս տարվա մայիսին: Մայիսի 31-ին բեռնատարը հաջողությամբ վերադարձել էր երկիր: Այս անգամ բեռնակիր նավը տիեզերքում կմնա մոտ երեք շաբաթ, եւ հոկտեմբերի վերջին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ծովափից ոչ հեռու: Read more
Ոստիկանները ձերբակալել են երեք անձանց, երբ նրանց տանից մոտ 400 հազար դոլար արժողությամբ օփիում, հերոին եւ մետամֆետամին են հյատնաբերել: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորընցի խոսքով, 25-ամյա Բրայըն Գարսիայի, 28-ամյա Էրիկ Գասթելըմի եւ 50-ամյա Հոսե Գարսիայի դեմ մեղադրանք են առաջադրել: Ոստիկանները Լոս Անջելեսի 6600 block of North Figueroa Street հասցեում գտնվող նրանց տանից հայտնաբերել են 20 փաունդ օփիում, երկու փաունդ հերոին եւ 1,5 փաունդ մետամֆետամին, կանխիկ 5 հազար դոլար, չորս միավոր զենք: Նրանք թմրանյութը վաճառել են Գլենդելի մի քանի բանկիչների եւ լուրջ ցանց էին ստեղծել: Բրայըն Գարսիան եւ Գաստելըմն ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Խոսե Գարսիայի համար 102 հազար դոլար գրավի գումար է նշանակվել: Read more
Պուերտո Ռիկոյի իրավապահները առգրավել են 660 կգ քաշով կոկաինի խմբաքանակ: Նախնական գնահատականներով, թմրանյութի խմբաքանակի գինը սեւ շուկայում կազմում է 16,5 միլիոն դոլար, իսկ մանրածախ վաճառքի դեպքում այն կհասներ մինչեւ 66 միլիոն դոլարի: Սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների փոխանցմամբ, կոկաինի խմբքանակը հայտնաբերվել է կղզու հարավային հատվածում, Սալինաս նավահանգստից մոտ 50 մղոն հեռավորության վրա, արագընթաց մոտորանավակի վրա: թմրանյութը ենթադրաբար բերվում էր Կոլումբիայից կամ Վենեսուելայից՝ ԱՄՆ տարածք տեղափոխելու համար: Առայժմ չի հաղորդվում, թե քանի հոգու են ձերբակալել: Read more
Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը հերթական ծեծկռտուքի մեջ է ընկել… այս անգամ հարազատ մոր՝ Դինա Լոհանի հետ: Առավոտյան ժամը 04:00-ին նրանք վերադարձել են Նյու Յորքի գիշերային ակումբից՝ ճանապարհին արդեն սկսելով վիճել, ապա այն շարունակելով տանը, ինչը հոլիվուդյան մարտաֆիլմերի կադրեր է հիշեցրել: Վեճը եղել է գումարի շուրջ, որ Լոհանը տվել էր մորը, ապա ետ պահանջել: Լինդսին զանգել է հորը եւ խնդրել ոստիկանների կանչել: Վեճի ընթացքում վնասվել է դերասանուհու ոտքը, կոտրվել ապարանջանը: Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել մայրը: Ոստիկանությունը երկու կանանց ծեծկռտուքի պատճառի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել: Ավելի ուշ, դերասանուհին հորը խոստովանել է, որ մայրը թմրամիջոցների ազդեցության ներքո իրեն սարսափելի բաներ է ասել: Read more
19-ամյա տղամարդը ով Վեսթլեյքում բարձրացել էր ծառի վրա՝ եռահարկ շենքի վրա գրաֆիթի նկարելու համար, ընկել է գետնին եւ վնասել գանգուղեղը: Երիատսարդը եղել է մոտ 30 ոտնաչափ բարձրության վրա: Միջադեպը տեղի է ունեցել 1600 block of Beverly Boulevard հասցեում, գիշերը ժամը 2:45-ի սահմաններում: Լոս Անջելեսի ոստիկանության լեյտենանտի խոսքով, նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ նա գտնվում է ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում: Բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու համար: տուժածի անունը չի հաղորդվում: Ոստիկանները գետնին ներկ են գտել, որը նա պիտի օգտագործեր նկարելու համար: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները եւ որոնում դեպքի մասին ահազանգած անհայտ անձին: Read more
Բանվորը մահացել է Վեսթ Լոս Անջելեսում, երբ նրա վրա է ընկել 3 հազար փաունդ կշռով բետոնե հենաքարը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում Santa Monica Boulevard-ում՝ Sawtelle Boulevard-ի թիվ 405 մայրուղու հատվածում: Դեպքից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են: Ոստիկանության փոխանցմամբ, բանվորները բեռնաթափում էին հենաքարերը կռունկի օգնությամբ, երբ դրանցից մեկն ընկել է աշխատողի վրա: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հենաքարը պատրաստված է եղել մետաղից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները: Ադոլֆո Ֆիգուրոան Hewitt Construction ընկերության աշխատակից էր, 42 տարեկան: Read more
Ֆլորիդա նահանգի Դորել քաղաքում՝ Մայամի-դեյդ քոլեջի քամփուսում կառուցվող հինգ հարկանի ավտոկայանատեղի փլուզման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 9-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ, ավտոկայանը փլվել է խաղաքարտերով տնակի պես: Տուժածներին դուրս բերելու համար 300 փրկարարներ եւ մոտ 100 միավոր հատուկ տեխնիկա է բերվել: Ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու բանվորներ՝ 48-ամյա Ուրտադո Դեմենդոսան եւ 60-ամյա Խոսե Կալդերոնը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Առանձնապես ծանր է եղել բանվորներից մեկի վիճակը: 53-ամյա Սեմյուել Պերեսը բառացիորեն մնացել էր մի քանի տոննա շինարարական աղբի եւ բետոնի տակ: Մինչ փրկարարները մաքրել են փլատակները, նա շուրջ 12 ժամ գիտակցության մեջ է եղել: Նրան փլատակների տակից հանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել ոտքերը: Պերեսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մայամիի վնասվածքաբանության կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Առայժմ եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում եւ ըստ ամենայնի գտնվում է փլատակների տակ: Միջադեպի ժամանակ տարածքում ուսանողներ չեն եղել, այլ միայն բանվորներ, որոնք աշխատում էին 22,5 միլիոն դոլար արժողությամբ ավտոկայանտեղի շինարարության վրա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու շինության փլուզման պատճառը, չի բացառվում, որ շենքը փլվել է անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Տեղական իշխանությունները խոստացել էր պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Read more
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 3-ին Դենվըրում հանրապետական Միթ Ռամնիի հետ ունեցած առաջին հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր ավելորդ քաղաքավարությունը: ABC-ի մեկնաբան Դայան Սոյերի հետ զրույցում նա նշել է. -Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի: Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել էր, թե Ռամնին անիրականանալի խոստումներ է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռամնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ Ռամնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի: Read more
Powerd by Bloogie